Այո´, մի´ զլացեք ու փորձեք ժամ առ ժամ վերհիշել, թե 2020 թ. սեպտեմբերի 26-ին ի՞նչ էր կատարվում Երևանում, ի՞նչ էր գրում մամուլը ու ինչ հանրային հայտարարություններ էին արվում պատերազմից ու «եկեք պայմանավորվենք»-ից ժամեր առաջ:
Բոլոր հարցերի պատասխանը հենց այդտեղ է: Չորս տարի անց էլ ամեն ինչ արվում է մոռացության տալու համար այն մեծագույն ողբերգությունը, որի ականատեսն ու ժամանակակիցը բոլորս ենք դարձել:
Իրենք ծիծաղում ու հռհռում են, հանգստավայրերից լուսանկարներ են հրապարակում ու հեծանիվ են քշում, որովհետև կարծում են, թե չկան հիշեցնողներ ու հետաքննողներ, իսկ գործն արված, վերջացած է: Դրա համար էլ ներկան մոռացության տալով, հիմա էլ գործի են անցել ու անցյալի հիշողություններն ու պատմությունն են ձևախեղում ու մոռացության տալիս: Այլևս իրենց քայլերի ու հայտարարությունների մեջ առաջին հայացքից անտրամաբանական թվացող բոլոր քայլերն իրականում տրամաբանականի մեջ են` իրականությունը սթափ գնահատելու, հակադրվելու և տրամաբանական հարցադրումներ ձևակերպելու փորձերը ջլատելու ու խափանելու համար:
Իսկ այդ գործում նրանց օգնում է քաղաքական վերլուծաբանի, լրագրողի, իրավապաշտպանի, գիտնականի, խորհրդարանային ու արտախորհրդարանային ուժերի ահռելի մի բանակ, որը սնվում է հասցեական հատկացումներով:
Բոլորի անուններն էլ պետք է արձանագրվեն պատմության համար:
ՈՒ վերջում կմնա գլխավոր հարցը. բա սրանց գնալուց հետո, այդ ո՞ր քաղաքական ուժն ու առաջնորդն է գալու թողած ավերակների ու մոխրակույտերի վրա «թագավորելու» համար…
Հայկ ԴԵՄՈՅԱՆ